«Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտահերթ ընտրությունները, ՀՀ դեմ պատերազմները, Նիկոլը և Ալիևը: Կա՞ արդյոք օրինաչափություն:
Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:
2024թ-ին նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:
Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը:
Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում: Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը «ընտրի» Նիկոլին և «պատրաստվի» նոր ռազմական բախունմների ու ցավոտ կորուստների:
2018թ. մայիսից մինչև դեկտեմբեր, իսկ այնուհետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մինչև 2020թ. հուլիս, Նիկոլին ժամանակ տրվեց ներսում ամրապնդել իր նվաճած իշխանությունը, քանդել բանակցային գործընթացը, պառակտել հասարակւթյունը, փոխել Արցախի իշխանություններին, թուլացնել բանակի կռվող հատվածի բարոյահոգեբանական ոգին և զարգացումները տանել պատերազմի: Այնուհետ տեղի ունեցան Տավուշի սահմանային ռազմական բախումներն ու Արցախի դեմ 44-օրյա պատերազմը:
2020թ. 44 պատերազմից հետո, դեկտեմբերից մինչև 2021թ. հունիս, կրկին սահմանային լարվածությունը նվազեց («Սև լճի 30%-ի համար հո չէ՞ինք կռվելու»): Ադրբեջանը հնարավորություն տվեց, որպեսզի տարբեր ուժերի աջակցությամբ, Նիկոլը 2021թ. հունիսին երրորդ անգամ վերընտրվի ու ամրապնդի իր քայքայված իշխանությունը: Այնուհետև 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցան եռօրյա ռազմական ծանր գործողություններ և Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքներ: Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2023թ. սեպտեմբերին, 9 ամիս պաշարված Արցախի դեմ տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, և Նիկոլի բացահայտ համաձայնությամբ հայ ժողովուրդն ամբողջությամբ կորցրեց հայկական Արցախը:
Չնայած հասարակական լայնամասշտաբ անտարբերությանը, ակնհայտ է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում գրեթե ամբողջությամբ հեղինակազրկված է և չունի դժվար որոշումներ կայացնելու լեգիտիմություն: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը դեռ չի ավարտել Հայաստանի նկատմամբ իր պահանջատիրությունը և նոր տարածքներ զավթելու առիթներ է փնտրում:
Այս ֆոնի վրա, պատահական չէ, որ Նիկոլի շրջապատը՝ հանրային անտարբերության, վարչական ռեսուրսի կիրառման և արևմուտքի աչքակապության պարագայում մտածի նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների գնալու մասին: Նպատակը՝ նոր պատերզմի հետևանքով ցավոտ որոշումներ կայացնելու համար «լեգիտիմություն» հավաքելն ու խորհրդարանական ընդդիմությանը՝ բացարձակ արևմտամետ ու պարտվողականությունը հանդուրժող ուժերով փոխարինելն է:
Ստացվելու է երեք տարին մեկ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություն, արդյունքում՝ նոր ձախողումներ, կորուստներ ու պատերազմներ: Ժողովուրդն իզուր չի Նիկոլի իշխանությունը նույնականացնում դավադիր պատերազմների ու ցավալի կորուստների հետ:
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»: