6,9 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տագո քաղաքից 44 կմ դեպի արևելք, իսկ օջախը ընկած է եղել 31 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ֆիլիպիններում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրանից հետո երկրի հարավ-արևելքում, ինչպես նաև Ճապոնիայում ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Բացի այդ, սեյսմոլոգները գրանցել են առնվազն 14 հետցնցում՝ 3,0-ից 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: