Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտարարություն է տարածել․
«Անցեալ Հինգշաբթի օր կատարուած, Հայաստանի և Ազրպէյճանի համատեղ յայտարարութեան հրապարակումէն, որուն միջոցաւ պարզ դարձաւ, որ պայմանաւորուածութիւն գոյացած է կողմերուն միջեւ, ըստ որուն Պաքուն ազատ պիտի արձակէ 32 հայ կալանաւորներու (26 զինուորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմէն երկու Ազրպէյճանցի զինուորներու ազատ արձակման դիմաց, մեզի մէկէ աւելի կողմեր տեղեկացուցին, որ 2020 թուականի Նոյեմբերէն ի վեր կալանաւորուած Վիգէն Իւլճէքեանի անունը ներառուած է ազատ արձակուողներու ցուցակին մէջ, որ նաեւ հրապարակուեցաւ զանազան լրատուամիջոցներու կողմէ:
Սակայն այսօր, կէսօրէ առաջ մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակուածներուն մէջ Վիգէնը պիտի չըլլայ, և անոր անունը փոխարինուած է մէկ այլ հայ գերիի անունով։ Արդարեւ յետմիջօրէին փոխանակման գործողութեան իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգէնը չկայ ազատագրուած գերիներուն շարքին մէջ:
Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներուն և մարդասիրական հաստատութիւններուն, որոնց մէջ առաջինը կու գայ Լիբանանը, որուն զինուորական հաստատութեան զաւակն էր Վիգէնը, ինչպէս նաեւ Հայաստանին, աշխատիլ՝ արագ կերպով ներառել Վիգէնի անունը այս փոխանակման յաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքին մէջ»:
Նշենք, որ այսօր ադրբեջանական գերությունից վերադարձած 32 զինծառայողներին տարել էին Մուրացանի հոսպիտալ՝ հետազոտման: Հոսպիտալի մոտ հավաքվել էին գերիների հարազատները: Ներկա էր նաև ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատկերացում չունի, թե գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը ինչու չի վերադարձել:
Ներկաների մեջ էր նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որից լրագրողները ևս հետաքրքրվեցին Վիգենի չվերադառնալու պատճառների մասին: Ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Ես չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ այդ մասին»:
Նշենք, որ երբ օրեր առաջ հայտնի դարձավ 32 գերիների վերադարձի մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած ցուցակում նշված էր նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի անունը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա չի վերադարձել: