Բաքվից մերժել են Հայաստանին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը նման պայմաններում դուրս բերվեն, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ չի լինի»,- ասել է Բայրամովը։
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնությունը վստահության կառուցման համար միակը չէ, որ քննարկվել է: Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստան ու Ադրբեջանը քննարկում են նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ «[Բացի ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև համաձայնագրից] քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ձեռք բերված համաձայնությանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունը լուրջ ձեռքբերում է։ Բայրամովը ընդգծել է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց երրորդ կողմի մասնակցության։
Բայրամովը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպում և նշել, որ «այս ամենը լավատեսության հույս են տալիս»։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանի մոտեցումը պարզ է՝ «եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի օրինական շահերը և միջազգային իրավունքը, ապա կարելի է դրական արդյունքի հասնել»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը, ՀՀ-ն նոյեմբերի 30-ին Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։ Բայրամովը, անդրադառնալով դրանց, նշել է, թե Հայաստանի ներկայացրած խաղաղության համաձայնագրի առաջարկների փաթեթում առաջընթաց է նկատվում։