Անընդհատ պետք է հարկային փոփոխություններ անենք. Ես կդնեի, նորը կգրեի. Դավիթ Անանյան
Հարկային օրենսդրությունը երեք մակարդակում փոփոխման կարիք ունի՝ ընթացիկ, միջնաժամկետ եւ հեռանկարային: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե Հարկային օրենսգրքի փոփոխություններում կա՞ դրույթ, որի հետ ինքն անձամբ համաձայն չէ, Անանյանը պատասխանեց. «Այն, ինչ ներկայացվել է ԱԺ, ընթացիկի մի մասն է միայն: Մենք միջնաժամկետի եւ հեռանկարայինի առումով արմատական փոփոխությունների կարիք ունենք: Դրա հետ կապված կառավարությունում կան հստակ մի քանի ուղղություններ, որոնք քննարկվում են: Ինչի հետ համաձայն չե՞մ. համաձայն չեմ, որ մեր հարկ վճարողները ժամանակին չեն վճարում հարկերը: Իսկ ԱԺ ներկայացրած փաթեթին համաձայն եմ, որովհետեւ որպես կառավարությունում աշխատող ինքս էլ կրում եմ համապարփակ պատասխանատվություն այդ փաթեթի համար»:
Հարցին, թե ինչու է կառավարությունը պարբերաբար փոփոխում հարկային օրենսգիրքը, Անանյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունները նրա համար են, որ ունենանք լավ հարկային օրենսգիրք. «Երբ կունենաք լավը, համաձայն կլինեմ, որ պետք չէ շուտ-շուտ փոխել: Մենք այս փոփոխությունները կատարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չունենք մեզ համար հասկանալի, մեր տեսանկյունից ճիշտ հարկային քաղաքականություն ներկայացնող իրավական փաստաթուղթ: Այդ փոփոխությունները պետք է անենք միշտ:
Ես ավելի արմատական փոփոխությունների կողմնակից եմ, ես կդնեի նորը կգրեի: Նորը գրելու համար պետք լիներ տարիների պրոցես: Բայց ճիշտ չէ տարիներով նորը գրելու ընթացքում չունենալ ընթացիկ հարկային օրենսդրություն: Դրա համար մենք պետք է եղածը լավացնենք, ու մտածենք ավելի լուսավոր ու պայծառ ապագայի մասին»: