Աշխարհ, կանգնիր
Պատկերացնում եմ, թե ինչքան դժվար է գրագետ, խելացի մարդկանց համար այսօր: Պատկերացնո՞ւմ եք` հայոց լեզվի այն ուսուցչուհու վիճակը, որն իր ողջ կյանքում կռիվ է տվել ամեն մի ստորակետի համար, սերունդներին գրագետ խոսել եւ գրել սովորեցրել, իր աշակերտների ամեն մի ուղղագրական սխալի համար իրեն մեղավոր զգացել եւ ստիպել, որ օրուգիշեր սերտեն քերականության կանոնները, իսկ հիմա սոցցանցերում կարդում է հազարավոր տառասխալներով գրություններ եւ սրտի կաթված ստանում:
Պատկերացնո՞ւմ եք այն պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնք տասնյակ տարիներ ուսանել են լավագույն բուհերում, թեզեր գրել, աստիճան առ աստիճան բարձրացել դիվանագիտական սանդուղքով, փորձել են արտաքին քաղաքականության նրբություններին տիրապետել, գիտական աշխատություններ են գրել, ԱԳՆ-ում կամ դեսպանություններում երկարամյա աշխատանք են կատարել, իսկ հիմա ստիպված են հանդուրժել Արարատ Միրզոյան նախարարին, զգաստ կանգնել, երբ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ են մտնում, եւ լսել արտաքին քաղաքական ասպարեզում ավերածություններ արած մարդկանց երկար-բարակ ու մեծամիտ ճառերը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ դիվանագիտությունը:
Պատկերացնո՞ւմ եք այն բազմավաստակ գիտնականներին, հազարավոր կյանքեր փրկած բժիշկներին, եկամտաբեր բիզնես- ձեռնարկներում հաջողած գործարարներին, ռազմական գործից հասկացող զինվորականներին, այլ պրոֆեսիոնալների, որոնք ստիպված են հանդուրժել, որ իրենց դասեր տան գիտությունից, բժշկությունից, բիզնեսից ու ռազմական գործից բոբիկ մարդիկ, որոնք բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել են ղեկավար պաշտոններում եւ համակարգեր են կառավարում: Դա նույնն է, որ «Գլաձորի» ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը փորձի հոդված գրել սովորեցնել ինձ: