«Փնթի կռուտիտներ» և մանիպուլյացիա. Փաշինյանը հարցազրույց է տվել
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ մեկ ժամից ավելի հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, ընդամենը երկու նպատակով, որպեսզի ամբողջ մեղքը բարդի կրկին Ռուսաստանի և նախկինների վրա և հայտարարի, որ խաղաղության ապագա պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվելու։
Մասնավորապես, Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ 2020 թվականի եռակողմ հայտարարությանը հակասելու մեջ։
Ըստ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի նախագահն է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են և այսօր էլ կան վիդեո տարբերակով։ Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե իրավիճակը փոխվեց, երբ Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Փաշինյանը նաև մեղադրանքներ է հղել ՀԱՊԿ-ին, նշել, որ բոլոր դեպքերում ստացել են զրո արձագանք։ Նախկինների մասով էլ կրկին ընկել է մանիպուլյացիաների գիրկը՝ պնդելով, որ երբևէ չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի հարց, չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա սկսեց պնդել, որ ընդամենը մեկ նման առաջարկ է եղել՝ Արցախը Մեղրիի հետ փոխանակելու վերաբերյալ։
Փաստացի մեղադրանքների ողջ սլաքներն ուղղելով Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, նախկինների ուղղությամբ՝ Փաշինյանը պնդեց, որ խաղաղության պայմանագիրն անպայման ստորագրելու են, իսկ պայմանագրում չեն ներառում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, կամ արցախցիների հետվերադարձի մասին հարցերը, այն պատճառով, որ այդ դեպքում էլ Ադրբեջանը կսկսի պնդել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Փնթի «կռուտիտներով» լի այս հարցազրույցը հերթական անգամ ապացուցեց գործող իշխանության պարագլխի դավաճանական էությունը և այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն աշխատում է բացառապես թուրք-ադրբեջանական նարատիվներն առաջ տանելու հարցով։
Մանե Սողոմոնյան