Թոշակառուների համար Երևանի կենտրոնում ամռանը սոցիալական ռեստորան կբացվի, որտեղ հնարավոր կլինի անհամեմատ մատչելի սնվել։ Ծրագրի մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է «Արտ Լանչ» ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանը, որն այս գաղափարի հեղինակն է։
Ասում է` սոցիալական ռեստորան բացելու գաղափարն առաջացել է «Արտ Լանչի» հերթում սպասելիս, երբ երիտասարդներից մեկը նեղվել է, որ հերթն առաջ չի շարժվում։
«Փորձեցի հասկանալ, թե ինչու է հերթը դանդաղ առաջ գնում և տեսա, որ մի տատիկ դանդաղ ընտրություն է կատարում, միաժամանակ իր մոտ եղած գումարից արժեքները հանում` հասկանալու համար` արդյոք կկարողանա իր մոտ եղած գումարի մեջ տեղավորվել։ Նույնիսկ երիտասարդներից մեկն առաջարկեց տատիկի փոխարեն վճարել, կինը սրտնեղեց»,–պատմումէ Մելքոնյանը։
Ասում է` իր համար պարզ դարձավ, որ մի կողմից տարեցները վճարունակ չեն` հաշվի առնելով իրենց թոշակների չափը, բայց մյուս կողմից էլշատերը հոգեբանորեն չեն կարող ընդունել անվճար սնվելու առաջարկ կամ ինչ–որ մեկից ինչ–որ բան խնդրել։
«Ես հասկացա, որ թոշակառուները պատրաստ են վճարել, բայց դա պետք է մատչելի լինի նրանց համար»,–ասաց նա։
Մելքոնյանի գաղափարը սկսել է ավելի կոնկրետ ուրվագծվել, երբ նա Գերմանիայում է եղել։ Ճաշից հետո, երբ մոտեցել է սուրճ գնելու, նկատել է, որ նույն սուրճը երկու արժեք ունի` թանկ և էժան։ Երբ հետաքրքրվել է, թե որն է գների տարբերության պատճառը, նրան բացատրել են, որ յուրաքանչյուր երիտասարդ, որը թանկ սուրճ է գնում, նույն սուրճից ավտոմատ հյուրասիրում է հերթում սպասող տատիկ–պապիկներին։ Իսկ ցածր գինը սահմանված է տարեցների համար։
«Երբ Հայաստանում ասացի, որ այդպիսի միտք ունեմ, արձագանքն այնքան լավն էր ու ոգևորող, որ միայն ֆեյսբուքյան հրապարակումս 500.000 դիտում ունեցավ ու բազմաթիվ մեկնաբանություններ։ Մարդիկ սկսեցին առաջարկներ անել։ Մեծ էր ոգևորությունը, երբ նշեցինք, որ ցանկություն ունենք ռեստորանի ճաշարանում տատիկ–պապիկների աշխատեցնել, նաև աշխատողների մեծ մասը լինեն թոշակառուներ»,–ասաց նա։
Մելքոնյանի խոսքով` գլխավոր խնդիրը տարածք գտնելն էր, որը պետք է լիներ ոչ միայն մեծ, այլև մատչելի, որպեսզի տարածքում կարողանան նաև կրթական ծրագիր ներառել, խաղային հատված առանձնացնել։
Այժմ ծրագիրը շատ աջակիցներ ունի։ Մի շարք շինարարներ, կամավորներ առաջարկել են իրենց օգնությունը։
Այժմ նախատեսում են երկրորդ տարածքը ձեռք բերել, որը կլինի փոքր կենտրոնից քիչ հեռու. քննարկվում է Կոմիտասում տարածք գտնելու հարցը։
Ինչ վերաբերում է սոցիալական ռեստորանի գնացուցակին, ապա այն կկազմվի` հաշվի առնելով Երևանի ռեստորաններում գործող ամենամատչելի գները, և դրանցից արդեն զեղչ կլինի թոշակառուների համար։
«Ամեն թոշակառու իր տարիքն ասելով` կստանա այդ թվին համարժեք զեղչ։ Օրինակ, եթե մարդը 70 տարեկան է, կստանա 70 % զեղչ, 80 տարեկան է` 80 % , 100 տարեկան է` կսնվի անվճար»,–ասում է Մելքոնյանը, հետո կատակով ավելացնում, որ եթե թոշակառուն, օրինակ, 105 տարեկան լինի, քեշբեք կստանա։
Տարածքում փորձելու են ունենալ նաև «Արտ Լանչի»