«Մեր օգնության աղերսներին արձագանքող չկար». ինչպե՞ս են փրկվել Ստեփանակերտի մանկատան սաները
«Պատերազմի առաջին պայթյունները խլացրին մեր ականջները, վեր թռանք ու առաջին բանը, որ մտքովս անցավ, դա այն 14 երեխաների անվտանգությունն էր, որ ապրում էին գիշերօթիկ հաստատությունում։ Դա նրանց տունն էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի «Զանգակ» գիշերօթիկ հաստատության դաստիարակ Զոյա Հարությունյանը: Վերջինս իր բաժին պատերազմն ապրել է նույնքան դառնությամբ, որքան իր մյուս հայրենակիցները։ Մի կողմ թողնելով իր ընտանիքի հոգսը, Զոյան լծվել է Ստեփանակերտի միակ մանկատան երեխաների անվտանգության ապահովմանը, մյուս աշխատակիցների հետ նրանց տեղափոխելով 9-րդ հիմնական դպրոցի ապաստարան, որտեղ և հավաքվել էին նաև հարակից թաղամասերի բնակիչները։
«Ամեն բան ահավոր էր. մանկահասակ երեխաներ են, մեծ մասը գրկի երեխաներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին մեր հաստատությունում։ Նրանցից 3-ին հարազատները եկել ու տարել են, մեր պատասխանատվության տակ են մնացել 11 երեխա։ Ի՞նչ կանեի ես, եթե չլինեին իմ գործընկերները»,- ասում է մեր զրուցակիցը։
Դա սեպտեմբերի 19-ն էր։ Հետո, երբ թշնամին, ոտնահարելով բոլոր կոնվենցիաներով նախատեսված նորմերը թիրախավորել էր նաև քաղաքացիական բնակավայրերը, Զոյա Հարությունյանը իր հարազատների մեքենաներով երեխաներին տեղափոխել է քաղաքապետարան, այնտեղից մանկական հիվանդանոցի ապաստարան, Իվանյանի օդանավակայան, հետո հետ բերել Ստեփանակերտ։
«Անելանելի էր իրավիճակը, չափազանց բարդ։ Բոլորը թվում է զբաղված էին, բայց մեր օգնության աղերսներին արձագանքող չկար։ Համապատասխան կառույցները մատը մատին չեն խփել։ Բացարձակ այս անտարբերությունից ավելի էի կոտրվում, փորձում էի դա երեխաներին ցույց չտալ»,- պատմում է նա:
Կնոջ խոսքով՝ անցած տարիները հաստատության երեխաներին ու աշխատակազմին ավելի էր մերձեցրել և սեփական երեխաներից չէին տարբերում։ «Բոլորը մերն են, Աստված նրանց պարգևել է, որ մեր միջոցով սեր ու բարիք շնորհի այդ անմեղներին»,- ասում է նա, ու հասկանալի է, որ ամեն անգամ վերհիշելով սեպտեմբերյան դեպքերը, Զոյա Հարությունյանը նույն ապրումներն է ունենում։
Նրա ամուսինն ու դուստրը ևս միացել ու օգնել են մանկատան սաներին։ Օրերով ոչ մի տեղից որևէ ուշադրություն չստանալով, հրթիռակոծությունների ժամանակ տեղից տեղ տանելով, վերջապես հասնում է օգնության ձեռքը։
«Նույնիսկ հրադադարից հետո օրերով մեր հորդորներն անպատասխան են մնացել։ Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել տարածքային կառավարման նախկին նախարար Սուրեն Գալստյանին ու իմ երախտագիտությունը հայտնել։ Երբ կրակում էին քաղաքի արվարձաններում, նրա տրամադրած մեքենայով կարողացանք երեխաներին անվտանգ տեղ տանել։ Այդ ընթացքում որևէ մեկը նույնիսկ չի հարցրել, չի հետաքրքրվել երեխաներով, մանավանդ, որ մեր հաստատությունը քաղաքի ծայրամասում էր, ադրբեջանական նոր հենակետերից ոչ հեռու։ Համարձակություն պիտի լիներ, որ այդ օրերին հասնեինք աշխատավայր, դիտարկվում էինք։ Բայց գիշերը մեր փաստաթղթերը դուրս բերելու համար, Գալստյանն ուղարկեց Հայկ անունով մի տղայի, դա էլ բերեցինք։ Իսկ ահա սեպտեմբերի 27-ին սոցապնախարարը կազմակերպեց քաղաքից երեխաների տարհանումը»։
Զոյա Հարությունյանն իր գործընկերների ու ընտանիքի անդամների օգնությամբ գիշերը հաց է թխել, կարտոֆիլ եփել։ Բոլոր երեխաների համար առանձին-առանձին օրապահիկներ փաթեթավորել, որ ճանապարհին սնվեն։ Նրանց ուղեկցել է սոցապնախարարի կինն ու Զոյայի բարեկամները։ Հակարի կամուրջն անցնելուց հետո, երեխաներին դիմավորել են Սյունիքի գործընկերներն ու երեխաներին ապահով տեղափոխել Կապանի համանուն հաստատություն։
«Հետո գաղթի մեր հերթն էր։ Ես, ամուսինս ու մեր երեխաների ընտանիքները հրաժեշտ տվեցինք Ստեփանակերտին ու ճանապարհ բռնեցինք դեպի մայր Հայաստան։ Մեր ուղղությունն անհասցե էր, բայց քանի որ ես հավատավոր մարդ եմ, գիտեի, որ բարի մարդիկ կգտնվեն ու Տերն օրհնություն կշնորհի։ Ճանապարհին աղջկաս մեքենան ընկավ ձորը, ջարդուխուրդ եղավ, իրենց ոչինչ չեղավ, դա առաջին օրհնությունն էր, որ Աստված պահեց»։
Հարությունյանների ընտանիքը հաստատվել է Ջրվեժում։ Զոյայի որդին՝ Մարատը, որ երգարվեստով էր զբաղվում ու դասավանդում մի քանի դպրոցներում, այստեղ էլ շարունակում է երգել իր խրոխտ ձայնով՝ երեխաների մեջ սերմանում է հայ երգը։
«Անահիտ Բախշյանի շնորհիվ Մարատն աշխատանք ունի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում»,- ասում է տիկին Զոյան ու վստահություն հայտնում, որ բարությունն է փրկելու աշխարհը։
Ապա հավելում, որ կյանքում փորձությունները շրջանցել են իր ընտանիքին, քանի որ բոլոր բախտորոշ ու պատասխանատու իրավիճակներին, չարությամբ լցվելու փոխարեն՝ բարությամբ է պատասխանել։
Հունան Թադևոսյան