«Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու
Փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։ Պարեկները տարածքը սահմանազատել են։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Ֆոտլրագրողը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևէ բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։