Ադրբեջանի ամեն նոր առաջարկ նախորդից վատն է
Ադրբեջանի հետ խաղաղության պայանագրի ցանկացած նոր առաջարկ, որ հայկական կողմը ստանում, կամ անում է, ավելի վատն է, քան նախորդը։ Ընդդիմադիր պատգամավորները՝ չհրապարակելու ստորագրությամբ, հերթական անգամ ծանոթացել են Բաքու ուղարկված հայկական առաջարկների փաթեթին, պնդում են՝ խաղաղության գործընթացում որևէ դրական տեղաշարժ չկա, բանակցվող փաստաթղթում հայկական շահերն արտացոլված չեն։
Հայաստանի գործող վարչախումբն անընդհատ փորձում է ներկայացնել, թե իբր քննարկվող փաթեթներում հայկական կողմի շահերը հաշվի են առել։ Իրականում, սակայն, Ադրբեջանի ախորժակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով և որևէ կերպ, հայկական կողմի որևէ շահ չի արտացոլվում։ Ավելին, Ադրբեջանը հրաշալի հասկացել է, որ կարող է շատ ավելին պոկել, քան նույնիսկ այս պահին կարող է պատկերացնել, ուստի և շահագրգռված չէ որևէ կերպ զսպելու իր իսկ ցանկությունները, և աստիճանաբար ավելի է ձգելու ճոպանը՝ պահանջներ ներկայացնելով թե՛ Հայաստանին, և թե՛ միջազգային հանրությանը՝ ընդհուպ օգտագործելով նաև իր էներգետիկ հնարավորությունները։
Հատկապես փետրվարի 7-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Ալիևը վստահության նոր քվե ստանա Ադրբեջանում, ինչը բացարձակ կասկածի տեղիք չի տալիս, Ադրբեջանն անցնելու է լիարժեք դիվանագիտական հարձակման բոլոր ուղղություններով։ Հենց սա է, որ հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ու ավելի վտանգավոր դառնալ տարածաշրջանում Հայաստանի համար, իսկ Հայաստանի գործող իշխանություններն ընդամենը միայն դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկն ու կամակատարը։
Նոնա Խալաթյան