Ադրբեջանը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ գործողության արդյունքում Ներքին Հանդում հայկական ԶՈՒ-ի «մարտական դիրք է ոչնչացվել»։
«Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք, որն ուղղված է ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանի օպերատիվ իրադրության սրմանը, այսուհետ կպատասխանվի ավելի լուրջ և վճռական միջոցներով։ Կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։