Ադրբեջանը հետևողականորեն գնում է իրավիճակի սրման
Ադրբեջանը հետևողականորեն գնում է իրավիճակի սրման։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Կապան-Զանգելան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման և իրենց սահմանապահ զինվորներին վիրավորելու մեջ։ «Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»,- նշել են Ադրբեջանից, և հայտարարել, թե պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Այսօր արդեն առավոտյան ժամը 5-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը նաև շարունակում է սրել հարաբերությունները Եվրամիության հետ։ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն և նրան բողոքի նոտա են հղել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործողությունների շուրջ, որոնք ըստ Բաքվի, իբր հակասում են նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ադրբեջանում նախագահական ընտրություններից և Իլհամ Ալիևի՝ խոշոր հաշվով հաղթանակից հետո, Ադրբեջանին այլևս ոչինչ չի զսպում ռազմական էսկալացիա սկսել Հայաստանի դեմ, և հենց այդ ուղղությամբ էլ Ադրբեջանն իրականացնում է իր գործողությունները։ Միևնույն ժամանակ Եվրամիությանն էլ հասկացնում է, որ բնավ մտադիր չէ լսել Արևմուտքի կոչերը։ Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հնարավորության մասին իր հարցազրույցում նշել էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Փաստացի, խաղաղության դարաշրջանն արդեն իսկ տապալվել է և չի բացառվում, որ Ադրբեջանը լայն էսկալացիայի գնա, ինչը նորանոր աղետներ է բերելու Հայստանին, իսկ դրա հիմնական մեղավորը Հայաստանի գործող վարչախումբն է, որը երբեք ոչինչ չի արել Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար։
Արմինե Սահակյան