Զինված ուժերում նոր նշանակումները հակառուսականության ծիրի մեջ են
Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ մի ամբողջ շարք փոփոխություններ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում։ Նա պաշտոնից ազատ է արձակել Կամո Քոչունցին, որը զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Իսկ գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել ռազմական համալսարանի պետ Արթուր Երոյանը, Կարեն Գրիգորյանը և Քեմուր Շահնազարյանը։ Մի քանի այլ անձինք էլ նշանակվել են գլխավոր շտաբի վարչության պետեր, խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար և Ռազմական համալսարանի պետ։
Մամուլում վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է հեռացնել ռուսական ազդեցություն և կրթություն ունեցող զորահրամանատարներին՝ նրանց փոխարեն նշանակելով ՆԱՏՕ-ում հատուկ կուրսեր անցած կամ կրթություն ստացած զինվորականներին։
Երեկ նշանակված զինվորականների մեծ մասը ռազմական կրթությունը ստացել է ոչ թե Հայաստանի կամ Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այլ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայում, այսինքն գործող իշխանությունները ցանկանում են Հայաստանի զինված ուժերից հեռացնել ռուսական ազդեցության տակ գտնվող անձանց, նաև բոլոր նրանց, ում կարող են կասկածել Ռուսաստանի հետ կապերի մեջ։
Հաշվի առնելով գործող իշխանության բանակում կամ ուժային կառույցներում Ռուսաստանի հետ սերտ առնչություններ ունեցող անձանց վերջին հեռացումները՝ կարելի է եզրակացնել, որ այդ պահանջները գործող իշխանություններում դրվել է Արևմուտքից, որոնք չեն վստահում ոչ արևմտյան երկրներում կրթություն ստացած անձանց։
Առաջիկայում զտումներ հնարավոր են լինել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։
Վարդինե Աբրահամյան