Հայաստանյան ընդդիմության ջրերը մի առվով չեն գնում
Մինչ Նիկոլ Փաշինյանը հերթական արհավիրքն է պատրաստում բերել Հայաստանի Հանրապետության գլխին, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել, ավելին, գնալով նրանց միջև հակասություններն ընդլայնվում են՝ ընդհուպ միմյանց հասցեին մեղադրանքներ հասցեագրելը, վիրավորանքներ տարածելը և Փաշինյանի հետ համագործակցության մեջ մեղադրելը։
Տևական ժամանակ ընդդիմության տարբեր թևերից, հատկապես հիմնական խորհրդարանական խմբակցություններից, միմյանց հասցեին ծպտված կամ ուղղորդված հակաքարոզչություն էր գնում։ Քոչարյանի կողմնակիցները Սերժ Սարգսյանին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, Սարգսյանի կողմնակիցներն էլ քոչարյանականներին մեղադրում են այսպես կոչված հեղափոխության օրերին Փաշինյանի հետ համագործակցելու, նրա կոալիցիոն կառավարության մաս կազմելու համար։
Երեկ իր դատաքննությունից հետո Սերժ Սարգսյանին լրագրողները հարց են տվել ընդդիմադիր դաշտի խնդիրների վերաբերյալ, Սարգսյանը ոչ միայն չի հերքել խնդիրների առկայությունը, այլ հայտարարել է, որ ինքն անձամբ որևէ մեկի հետ խնդիր չունի։ Իհարկե, քաղաքական տարբեր ուժեր տարբեր շահեր կարող են ունենալ, կամ էլ տարբեր մարտավարական մոտեցումներ ինչ-ինչ հարցերում, սակայն հենց իրենք են, որ պնդում են, որ Հայաստանը գտնվում է չափազանց վտանգավոր իրավիճակում և անհրաժեշտ է համախմբել, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները՝ նախ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, ապա և երկիրը զարգացման ու վերափոխման ռելսերի վրա դնելու։
Մինչդեռ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ երկու հիմնական քաղաքական ուժերին հաջողվեց զգալի ներկայություն ապահովել խորհրդարանում, նրանք կարող էին համագործակցել իրար հետ և բոլոր ջանքերը գործադրել փաշինյանական վարչախմբից ազատվելու համար, փոխարենը շատ արագ հաջողացրեցին կորցնել իրենց նկատմամբ վստահության վերջին նշույլները և այժմ, եթե ընդդիմադիր արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը չմիավորվեն, այլևս բարոյական իրավունք չեն ունենա մեղադրել Փաշինյանին, հենց իրենց պետք է մեղադրել Փաշինյանի ազգակործան քայլերին աջակցելու մեջ։
Արմեն Սարատիկյան