Ադրբեջանը պարտադրում է հրաժարվել միջնորդներից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է ԵԱՀԿ-ին անգործության մեջ և պահանջել վերացնել Մինսկի խումբն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՝ անվանելով դրանք «անցյալի մնացուկներ»։
Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ կազմակերպության բյուջեն հարկավոր է օգտագործել արդյունավետ։ Ալիևը նշել է, թե ղարաբաղյան հակամարտությունն «արդեն կարգավորված է»։ Օրեր առաջ էլ՝ իր երդմնակալության արարողությանն Ադրբեջանի նախագահը նշել էր, թե բանակցային գործընթացում Ադրբեջանին և Հայաստանին միջնորդներ պետք չեն։
Մինսկի խումբն Արցախյան առաջին պատերազմից հետո զբաղվում էր ղարաբաղյան կարգավորման գործընթացով, լավ-վատ միակ հարթակն էր, որտեղ բանակցություններ էին ընթանում։ Այսօր, խոսելով միջնորդներից հրաժարվելու, բանակցությունները միայն երկու երկրների միջև անցկացնելու մտադրության մասին, Ալիևը պարզապես Հայաստանին նոր ու վտանգավոր խաղի մեջ է ներքաշում, որտեղ իր դիրքերն առավել քան ուժեղ են։
Մյուս կողմից, պարտադրելով հրաժարվել միջնորդներից՝ Ալիևը վախ ունի, որ իր նպատակներին չի կարողանալու հասնել, այն է՝ պարտադրել բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ի վերջո, Ադրբեջանը շտապում է՝ օր առաջ Հայաստանին խաղաղություն ու զիջումներ պարտադրելու։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. անթաքույց «կզում» է Բաքվի առաջ։
Հարցը միջազգայնացնելու, միջնորդ երեք պետություններին ներգրավելու, սեփական շահերն առաջ մղելու երկչոտ փորձերը հաշիվ չեն։ Փաշինյանական վարչախումբը, սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված, չի գիտակցում, որ թշնամու ախորժակը գնալով աճելու է, ձգտելու են Հայաստանին զրկելու ոչ միայն այսօր, այլև հետագայում մանևրելու հնարավորությունից։ Միգուցե, հենց դա էլ գործող վարչախմբի ցանկությունն է՝ զրկել Հայաստանին ապագայից՝ «Ապագա կա» կոչերով։
Մարիետա Բարսեղյան