Մհեր Գրիգորյանին կհեռացնեն, բայց ոչ հիմա
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնանկությունից և ձերբակալությունից հետո ավելի են խորացել շշուկները, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս հրաժեշտ է տալու իր պաշտոնին։ Փաշինյանն առայժմ որոշել է Գրիգորյանին ձեռք չտալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ընթացող սահմանազատման գործընթացը, բայց Գրիգորյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ վաղ, թե ուշ Արևմուտքի պահանջով իրեն ստիպված են լինելու ազատել պաշտոնից։
Երեկ լրագրողների հետ զրույցում հարցին, թե իրեն հանրությունն ընկալում է որպես ռուսամետ գործիչ և որի պատճառով խոչընդոտվում են արևմտյան ներդրումները, Մհեր Գրիգորյանը պատասխանել է, որ դա պարզապես լուրջ չէ, նման բնութագրումները Գրիգորյանն անլուրջ է համարում։ Մինչդեռ թե՛ Մհեր Գրիգորյանի շրջապատից, և թե՛ «Քաղպայմանագրից» պնդում են, որ հենց նման վերաբերմունք ունեն Մհեր Գրիգորյանի նկատմամբ ոչ միայն Եվրոպական կառույցներն ու նրանց տեղական ներկայացուցիչները, այլ նաև ամբողջ «Քաղպայմանագիրը»։
Վերջերս խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հենց այդ հարցն էլ բարձրացվել է, որ ինչպես է հնարավոր ռուսամետ գործիչը լինի փոխվարչապետ և արդյոք Արևմուտքը չի խանդում այս փաստին, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ առայժմ իրեն հաջողվում է կոմպրոմիսի հասնել արևմուտքի հետ, բայց վաղ, թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել Մհեր Գրիգորյանի ծառայությունից։ Միևնույն ժամանակ Գրիգորյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում երբեք էլ յուրային չի համարվել ՔՊ-ում, նշանակված լինելով ԲՀԿ քվոտայով և, հետագայում պահելով իր պաշտոնը, նա ավելի շուտ բանկային համակարգի ներկայացուցիչն է Կառավարությունում։
ՔՊ-ում կարծում են, որ փոխվարչապետ կրկին կարող են նշանակել բանկային համակարգի որևէ ներկայացուցչի, որին աշխարհաքաղաքական ինչ-ինչ ուղղվածության մեջ մեղադրել հնարավոր չի լինի։
Անահիտ Գաբրիելյան