Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են․ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը
«Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել։ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի իսկ իշխանության թեթև ձեռքով դարձել է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման։ Նախկինում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ունենալով բազմաթիվ նախապայմաններ, երբևէ պաշտոնապես Սահմանադրության փոփոխությունը չեն դասել դրանց շարքին։
Դա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենօրյա ռեժիմով պայքարել հայկական ինքնության դեմ, խոսել Արարատն Արագածով փոխելու, Հայաստանի Սահմանադրությունը «տարածաշրջանում մրցունակ պետության սահմանադրություն» դարձնելու մասին։ Ադրբեջանի ու Թուրքիայի այս պահանջները, սակայն, որևէ կապ չունեն ներկայիս Հայաստանի, ՀՀ գործող իշխանությունների հետ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը հավակնություններ չունի ոչ միայն այլ պետությունների, այլ անգամ սեփական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը Նիկոլ Փաշինյանը հռչակել է՝ որպես «ամայի սարեր», տարածքների մեկ այլ հատվածում՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետրում, արդեն մոտ երեք տարի դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները, և ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց այդտեղից դուրս հանելու համար։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի համար որևէ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության իմաստով, վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ են Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Ակնհայտ է, որ այդ պահանջներով Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են ոչ թե ներկայիս, այլ ապագա Հայաստանի դեմ՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և նրանից հետո ցանկացած այլ, անգամ աննշան չափով ազգային արժանապատվություն ունեցող իշխանություն չի շարունակելու ներկայիս Հայաստանի ստորացուցիչ քաղաքականությունը։
Դա, իհարկե, չի նշանակում, թե ցանկացած հաջորդ իշխանություն պատերազմելու է նրանց դեմ, բայց առնվազն փորձելու է արժանապատիվ քաղաքականություն վարել և չի բավարարելու ադրբեջանաթուրքական պահանջներն այնպես, ինչպես այսօր բավարարում է փաշինյանական իշխանությունը։
Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս նախապայմանների ներկայացման ինտենսիվացումն ու շտապողականությունը վկայում են նաև, որ ամենայն հավանականությամբ նրանք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող երկար ժամանակ պահպանել իր իշխանությունը, հենց այդ պատճառով էլ փորձում են նրանից ստանալ առավելագույնը՝ իրենց պահանջներն օրենսդրորեն, իրենց կարծիքով՝ անշրջելիորեն ամրագրելու միջոցով։
Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։
Հարություն Ավետիսյան