ՔՊ-ականներին ահաբեկո՞ւմ են, թե՞ նոր սադրանքների հիմքեր են ստեղծում
Մամուլը վերջին օրերին ուշագրավ մի քանի տեղեկություններ է հրապարակում ՔՊ-ական որոշ պաշտոնյաների գրասենյակներից ռումբի ահազանգերի վերաբերյալ։ Նման տեղեկություններ են տարածվել պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Գագիկ Մելքոնյանի, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի մասով։ Չի բացառվում, որ իսկապես ինչ-որ անձինք շահագրգռված են երկրում իրավիճակը թեժացնելու, կամ էլ անձնական հաշիվներ ունենալու այդ պատգամավորների հետ։ Մեծ հավանականությամբ, սակայն նման գործողությունները կարող են հրահրված լինել հենց գործող իշխանությունների կողմից։
Փաշինյանական վարչախումբը պատրաստվում է չափազանց վտանգավոր որոշումներ ընդունել Հայաստանի Հանրապետության մասով և հատկապես դիմադրողներին մեկուսացնելու կարիք կա։ ՔՊ մեր աղբյուր փոխանցմամբ՝ առաջիկայում նույնիսկ որոշ քրեական գործեր են հնարավոր այս ահազանգերի վերաբերյալ և տարբեր անձանց կարող են ձերբակալել, նրանց մեղադրել ընդհուպ իշխանության ներկայացուցիչներին սպառնալու, «մահափորձեր» կազմակերպելու մեջ։
Ի վերջո նույն Նիկոլ Փաշինյանի մասով մի քանի անգամ տարբեր անձանց ձերբակալեցին, մեղադրեցին սպառնալիքներ հնչեցնելու մեջ, սակայն մինչ օրս որևէ մեկի անունը ոչ հայտնի է դարձել, ոչ էլ քրեական այդ գործերից տեղեկություններ կան։
Փաշինյանական իշխանությունը գնում է դեպի լիակատար բռնապետություն և այդ ճանապարհին նոր հեծանիվ չի հորինում ընդդիմախոսների դեմ պայքարելու համար, այլ օգտագործում է տարբեր մանր և էժան միջոցներ։
Սուրեն Ղազարյան