Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,3 %-ով։ Նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 15,3 %, ընդ որում, գործող վարչախմբի ներկայացուցիչները ներկայացնելով այս տվյալները՝ ամենևին չեն ցանկանում կանգ առնել իրական խնդիրների վրա։ Բանն այն է, որ տնտեսական ակտիվության կտրուկ աճը, ըստ փորձագետների, պայմանավորված է ոչ թե երկրում արդյունաբերության ծառայությունների շրջանառությամբ, այլ մեծամասամբ վերաարտահանմամբ։
Հայաստանից Ռուսաստան է վերաարտահանվում տեխնիկա, մեքենաներ, այլ սարքավորումներ, որոնք Ռուսաստանը պատժամիջոցների պայմաններում չի կարող ներմուծել, Ռուսաստանից էլ Հայաստանի տարածքով Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ են վերարտահանվում ռուսական ոսկին և թանկարժեք քարերը։ Այդպես ձեռնտու է բոլոր կողմերին։
Տնտեսական առումով ձեռնտու է նաև Հայաստանին, բայց դրանից ստացվող օգուտը՝ հարկերի և տարանցման գումարների տեսքով, բոլորովին էլ այնքան չէ, որ որակական լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետության համար, ընդամենը չնչին գումարներ են, որոնք հարկերի տեսքով մտնում են պետբյուջե: Փոխարենը՝ Փաշինյանը շեշտակի ավելացրել է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Նախորդ 3 նախագահների պաշտոնավարման 28 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել էր 7 միլիարդ դոլարի։
Ժամանակին պետական պարտքին դեմ որպես ընդդիմադիր հանդես եկող Փաշինյանն ընդամենը 6 տարում պետական պարտքի ծավալը հասցրել է 12,1 միլիարդ դոլարի, գրեթե կրկնակի՝ այս կերպ Հայաստանին տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ դնելով արևմտյան ֆինանսական համակարգերից, իսկ թե ինչպես են արևմտյան ֆինանսական համակարգերն ազդում պետությունների վրա, թերևս չարժե պատմել։
Անահիտ Մանթաշյան