Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահյանը և մի քանի պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ են զոհվել երեկ տեղի ունեցած ուղղաթիռի վթարից։
Իրանի նախագահը մայիսի 19-ի առավոտյան մեկնել էր Ադրբեջանի հետ սահման, մասնակցել Խոդաֆերինի ջրամբարի վրա հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։
Խոդաֆերինը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել էր Ադրբեջանի կողմից։ Համատեղ ասուլիսից և փոխադարձ գովեստի խոսքերից հետո, Ռայիսին վերադարձել էր Իրան։
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության տեղեկություններով՝ Ռայիսին պետք է ժամանաեր նաև Հայաստան՝ Սյունիքի մարզում մասնակցելով Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի տրանսպորտային հանգույցների բացման արարողությանը, սակայն վերջին պահին մտքափոխ է եղել։
Թեև ուղղաթիռի կործանման պաշտոնական վարկած հայտնի չէ, Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Իսրայելի ձեռքի գործն է, որը գործում է Բաքվի միջոցով։ Իսրայելը կտրականապես հերքում է իր որևէ մասնակցությունն ուղղաթիռի կործանմանը։
Ցանկացած պարագայում, այն, որ վթարի և Իրանի նախագահի մահվան մասին հայտնում են որոնումներից 15 ժամ անց, վկայում է, որ Իրանը պատրաստվում է ինչ-որ քայլ անել։
Ըստ երևույթին այս ընթացքում փորձել են հասկանալ, թե ինչ հետագա գործողություններ են իրականացնելու։ Ամեն պարագայում տարածաշրջանի համար բարդ և ծանր օրեր են սպասվում։
Իրանն այն պետությունը չէ, որ անպատասխան թողնի ենթադրյալ ահաբեկչությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լրջագույն խզում և սրում լինի։
Նորայր Առաքելյան