Վարչախումբը չի թուլացնելու պայքարը եկեղեցու դեմ
Այն, որ Հայաստանի գործող վարչախումբը փորձում է նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, իսկ նախօրեին էլ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպը հենց դրա ակնառու վկայությունն էր, որևէ կասկած չի հարուցում։
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ խորհրդարանում լրագրողներին տված ճապազրույցում անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը, ծաղրել։ «Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը նախորդող օրերին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել և, երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունն էլ պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողություները շարունակելու, թե այլ նպատակով»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե, երբ ոստիկանությունը ստացել է հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։
Փաշինյանի ծաղրական տոնը և ընդդիմադիր շարժումն անմիջապես Կաթողիկոսի հետ կապելու հայտարարությունը վկայում են, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող վարչախմբի ապօրինություններն ամենևին էլ պատահական իրավիճակային քայլեր չեն, այլ լավ հաշվարկված և երկարաժամկետ քաղաքականություն, որի նպատակն էլ հենց եկեղեցուն հարվածելն է։
Ավելին, նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը արարողակարգային միջոցառումներին, ուր մնաց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով, հատկապես, որ, ըստ արարողակարգի, Կաթողիկոսն ավելի բարձր դիրքում է գտնվում, քան վարչապետը, ուստի նույնիսկ Փաշինյանի պարզաբանումը կարելի է հստակ գնահատական համարել։
Արաքս Վարդանյան