ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում ներգրավվելու են նաև Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան։
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաև, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ, թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով։
«Ես համոզված եմ, որ այս հուշագիրը կընձեռի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։ Այն կամրապնդի կապը ակադեմիական և գործնական ոլորտների միջև՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, և Ucom ընկերության հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարևոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ և դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ընձեռելով նոր հնարավորություններ ու հաջողություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար։