Եվրախորհրդարանի ընտրություններն ազդելու են նաև Հայաստանի վրա
Եվրամիությունը երեք օր եվրոպական խորհրդարան է ընտրել։ Հունիսի 6-ից 9-ը կայացած ընտրություններում 27 երկրի ընտրողներն ընտրել են 720 պատգամավորների։
Կեսգիշերին հրապարակվել են նախնական արդյունքները՝ համաձայն որոնց, ամենամեծ խմբակցությունը կմնա «Եվրոպական ժողովրդական կուսակցության» խումբը, սակայն «Ծայրահեղ աջերը», ինչպես նաև ծայրահեղ աջ՝ «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբավորումը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը։
Սոցիալդեմոկրատները, Ձախերը և Կանաչներրը բավականին լուրջ հետընթաց են ունեցել։
Այս ընտրություններն աչքի են ընկել Ֆրանսիայում ծայրահեղ աջ կուսակցության Մարին Լե Պենի կողմնակիցների բավականին լուրջ հաջողությամբ։
Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել։
Եվրախորհրդարանի ընտրությունները լրջորեն ազդելու են ոչ միայն Եվրամիության հետագա ընթացքի, այլ նաև ընդլայնման քաղաքականության վրա։
«Աջերն» ու «Ծայրահեղ աջերը» դեմ են Եվրամիության ընդլայնմանը, նաև որոշակիորեն տարբերվող դիրքորոշումներ ունեն թե՛ Ուկրաինայի և թե՛ Հարավային Կովկասի հարցում, թեև դեռ, ըստ վերլուծաբանների, իշխող կոալիցիան կմնա առնվազն 5 տարի, բայց հատկապես Հայաստանի համար բարդ է լինելու եվրոպական ուղղությամբ իր շահերն առաջ մղելը, առավել ևս, եթե հունիսի վերջին, հուլիսի սկզբին կայանալիք Ֆրանսիայի ընտրություններում Մակրոնը պարտություն կրի, ապա դա ծանր հետևանքներ կունենա հատկապես Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի վրա։
Ֆրանսիայում գրեթե բոլոր ուժերն էլ հանդես են գալիս հայամետ դիրքերից՝ հաշվի առնելով Ֆրանսիայում բավականին մեծ և կազմակերպված համայնքի գոյությունը, բայց Աջ և Ծայրահեղ աջ կուսակցությունները ընդհանրապես դեմ են ընդլայնման քաղաքականությանը և այլ պետություններին միջոցներ տրամադրելուն։
Սոնա Վանյան