Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից
Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջները նոր չեն, սկսվել են դեռևս այս տարվա սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց սահմանդրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
Դրանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ սկսեցին ներկայացնել յուրաքանչյուրն իր մասով։ Ադրբեջանն օրինակ, մինչ այսօր պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Այդ նախաբանում Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Թուրքիան էլ պահանջներ ունի Հայաստանի խորհրդանիշների մասով, մասնավորապես՝ պահանջելով հեռացնել Արարատ լեռը զինանշանի վրայից։
Օրեր առաջ ևս սահմանադրության փոխելու պահանջը սրվեց, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե երկու երկրների սահմանադրությունում էլ կան էական խոչընդոտներ, սակայն դրանք չեն կարող բանակցությունների մաս լինել և խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանից արձագանքեցին նախ արտգործնախարարի, ապա և նախագահ Իլհամ Ալիևի բերանով՝ պահանջելով սահմանադրությունից հանել այդ կետերը, հակառակ պարագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։
Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, բանակցություների տորպեդահարման փորձ է։
«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե իրենք սահմանադրության փոփոխության մասին խոսել են դեռևս 2018-ին, 2019-ին, և օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ։
«Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,- ասել է վարչապետը։
Գործող իշխանությունները չեն մանրամասնում, թե ինչ սկզբունքների հիման վրա են ցանկանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Մամուլում տարածված տեղեկություններն ամենևին էլ հուսադրող չեն, մինչդեռ սահմանադրությունն առաջին և ամենակարևոր խնդիր է փոփոխության, հենց ազգային բարոյականության սկզբունքների ամրագրում պետք է լինի։
Ցանկացած առանցքային խնդիր, որը դրվում է պետության և ժողովրդի առջև, ռացիոնալիզմից, բացի, նաև պետք է ազգային բարոյականության տարրեր պարունակի, հակառակ պարագայում՝ պետական համակարգի և հանրության դեգրատացումը ծանրագույն հետևանքներ է ունենալու, հենց բարոյականությունն է, որ ապահովում է պետության կենսագործունեությունը և հարատևությունը։
Զուր չէ, որ օրինակ, նույն Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, աշխարհի հզոր երկրներում կոնկրետ սկզբունքներ են դրված պետության կառավարման հիմքերում։ ԱՄՆ-ում դա քրիստոնեությունն է իր տարբեր հոսանքներով, բազմազգ Ռուսաստանում և Չինաստանում առողջ ընտանիքի մոդելը՝ զուգակցված քրիստոնեության, մահմեդականության առաջադեմ թեզերի հետ։
Այս ամենը վկայում է, որ Հայաստանի նոր սահմանադրության մեջ առանձին տեղ պետք է գրավի Հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարի ոչ միայն պահպանել է հայկական ինքնությունը, այլ նաև եղել ազգային բարոյականության փարոս հանրության համար։
Սահմանադրական փոփոխությունները, իհարկե, անհրաժեշտություն են, սակայն դրանք պետք է բխեն ոչ թե թշնամական պետությունների պահանջներից, կամ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու իշխանություների մարմաջից, այլ հենց առաջին հերթին պետության հարատևության ազգային բարոյականության սկզբունքներից։