ԵՄ պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, ՌԴ-ին դրանք ավելի քիչ են վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին․ Մեդվեդև
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի հասնի իր նպատակներին և կդառնա հերթական թշնամական ակտը։ Այս մասին իր անգլալեզու թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է զոհաբերել հասարակ եվրոպացիների շահերը։
Մեդվեդևի խոսքով՝ Եվրամիության պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, և դրանցում այլևս որևէ սարսափելի կամ նոր բան չկա։ Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն այդ պատժամիջոցներից շատ ավելի քիչ է տուժում, քան եվրոպական ընկերություններն ու ԵՄ երկրների բնակիչները։
«ԵՄ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ է զոհաբերել ինչպես իր անդամ երկրների, այնպես էլ հասարակ եվրոպացիների ինքնիշխան շահերը։ Մեր երկրին սա ավելի քիչ է վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին։ Պատժամիջոցների 14-րդ փաթեթը չի հասնի իր նպատակին, այլ պարզապես կդառնա թշնամանքի նոր ակտ»,- գրել է Մեդվեդևը։
Մեկնաբանելով ՌԴ-ից ԵՄ-ի տարածքով հեղուկ գազի վերաարտահանման արգելքը՝ Մեդվեդևը հայտարարել է, որ «եվրոպացի հիմարները» ցանկանում են խոչընդոտել Ռուսաստանի առևտրին, բայց միաժամանակ ոչինչ չկորցնել։
«Դրա համար Եվրոպայում մի կողմից հաստատում են նոր պատժամիջոցների փաթեթները, մյուս կողմից՝ շարունակում ռուսական գազը գնել»,- հավելել է նա։
ՌԴ ԱԽ փոխնախագահը նաև «սրիկա» է անվանել բոլոր նրանց, ովքեր պատժամիջոցներ են կիրառել մանկական «Արտեկ» կենտրոնի նկատմամբ՝ հայտարարելով, որ Մոսկվան կհաղթահարի եվրոպական պատժամիջոցները, «բայց չի ների, չի մոռանա և անպատասխան չի թողնի Ռուսաստանի ժողովրդին վնասելու փորձերը»։