Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախությունից հետո Հայաստանի Հանրապետություն դարձավ. Արշակ Կարապետյան
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով ՀՀ ԿԳՄՍՆ հերթական հակառուսական քայլը։ «Մոսկվան հուսով է, որ Հայաստանի իշխանությունները մատների արանքով չեն նայի ընդհանուր անցյալը խեղաթյուրելու փորձերին և թույլ չեն տա, որ դպրոց մտնի պատմության 8-րդ դասարանի դասագրքը, որում խեղաթյուրվում են Հարավային Կովկասում 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները»,- նշել են Մոսկվայից՝ սադրիչ որակելով դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:
ԿԳՄՍՆ-ն հաստատել էր «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Նրա հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը: Նախարարությունը ոչ միայն չէր հանել դասագիրքը, այլև հաստատել էր նորը, որտեղ պատմության աղավաղումներն ավելի շատ են։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է։ «Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Ավելի վաղ այդ իրադարձությունը հայկական դասագրքերում գնահատվել էր որպես «հայկական պետականության վերականգնման ապագայի համար վիթխարի նշանակություն ունեցող»,– նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում նախօրեին նշել էր, որ, եթե ռուս ժողովուրդը չլիներ, ոչ միայն 3-րդ, այլև 1-ին և 2-րդ հանրապետությունները չէին լինի։ «Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախությունից հետո Հայաստանի Հանրապետություն դարձավ։ Մեզ ժամանակին ջնջել էին, և այսօր մենք կրկին կարող ենք բնաջնջվել։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ռուս ժողովրդի շնորհիվ մենք ունենք պետականություն»,- նշել էր Արշակ Կարապետյանը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ավելի վաղ նաև անդրադարձել էր ակադեմիական քաղաք կառուցելու Հայաստանի իշխանությունների վտանգավոր որոշմանը, նկատել, որ վաճառում են շենքերը, համալսարանների տարածքները։
Հիշեցնենք իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսաուղերձ էր հրապարակել, հայտնել, թե Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ «Գերմանական GMP ընկերությունն ինձ ուղարկել է ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Շատ ֆունդամենտալ գործ է արված»,- նշել էր նա։
Ըստ Արշակ Կարապետյանի, պետք է պահպանել Հայաստանի մայրաքաղաքում բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգը, որը պատմության ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը։ «Այն երկրին տվել է հարյուրավոր աշխարհահռչակ գիտնականներ և ինժեներներ։ Այս հարուստ ժառանգության ոչնչացումն իսկական հանցագործություն է մեր երեխաների և մեր ժողովրդի նկատմամբ»,- նկատել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։