«Մի մեդալի պատմություն». Արման Մայիլյանը՝ «ամենահայկական սպորտաձևի» ու օտար երկրում հայ մնալու մասին (տեսանյութ)
«Մի մեդալի պատմություն» հաղորդաշարի հյուրն է հայ գործարար, հասարակական գործիչ Արման Մայիլյանը, ով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ստեղծել է «Հայաստան» մարզական ակումբը: Այն համախմբում է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի երեխաների, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, տղամարդկային մարզական փոխհարաբերությունները կամ պարզապես` ըմբշամարտը:
Մարզակումբը ստեղծվել է 2010 թվականին` Հայաստանը միշտ հիշելու, հնարավորություն տալու համար Բարսելոնայի հայ համայնքին՝ զբաղվել «ամենահայկական սպորտաձևով»` ըմբշամարտով:
Հայաստան մարզակումբում մարզվում է 4-ից մինչև 40 տարեկան 85 մարզիկ, որոնցից շատերն ազգությամբ հայ են: Այնտեղ է մարզվում նաև Արման Մայիլյանի որդին, ով վերջերս Լիգայի առաջնությունում առաջին հորիզոնական է զբաղեցրել:
Մայիլյանի խոսքով` ամեն ինչ սկսվել է իր ծննդավայր Կարբիից, որտեղ էլ սկզբնական շրջանում ըմբշամարտի բազմաթիվ մրցումներ են անցկացրել:
Խոսելով իր ընտանիքի մասին` Արման Մայիլյանը նշեց, որ ընտանիքն իր համար սրբություն է, բարձրագույն արժեք. «Ես հպարտ եմ, որ օտար երկրում կարողանում եմ իմ ընտանիքը պահել որպես հայ, որպեսզի զավակներս մեծանան որպես հայ»,- ասաց Արման Մայիլյանը:
Արմանը նաև նշեց, որ կարևորում է սպորտի դերը մարդու կյանքում, ինչպես իր օրինակով` ըմբշամարտը խիզախություն և տոկունություն է տվել` դիմակայելու կյանքի դժվարություններին: