Իհարկե, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բայց աճում է ոչ արտահանելի հատվածը. Վարդան Արամյան
Եթե նայում ենք տնտեսական ցուցանիշների թվերին, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բարձր ցուցանիշներ, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նաեւ տնտեսական աճի կառուցվածքին: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, տնտեսական աճի կառուցվածքը այն կարեւոր հենքն է, որի հիման վրա կարելի է դատողություն անել, թե երկարաժամկետ տնտեսական աճը ինչպիսին է՝ կայուն է, ներառական է, թե ոչ:
«Երբ նայում ենք 2018 թվականը եւ այս տարվա 4 ամիսները, կարծես թե տնտեսական աճում ոչ արտահանելի հատվածն է գերակշռում: Աճում են ֆինանսական ծառայությունները, շահումով խաղերի ոլորտը, թեեւ կա տեսակետ, որ դա միտված է արտաքին պահանջարկի վրա: Դա չճշտված թեզ է եւ այն տնտեսվարողները, որոնք մատռուցում են այդպիսի ծառայություններ, բնականաբար, ասում են, որ իրենք թիրախավորում են արտաքին պահանջարկը: Եթե դա այդպես է, անհանգստանալու խնդիր չկա, բայց եթե այդպես չէ, այսինքն թիրախավորում են ներքին պահանջարը, անհանգստանալու խնդիր կա»,-ասաց Արամյանը:
Հաջորդ առաջատար ճյուղը, որ աճում է, ըստ նախկին նախարարի, առեւտուրն է. «Այսինքն տեսնում ենք, որ ոչ արտահանելի ճյուղերն են գերակա: Կառավարությունը դրան պետք է ուշադրություն դարձնի»:
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, նա նշեց, որ երեւի կառավարությունը նկատի ունի խորքային բարեփոխումները. «Մեր տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի երկու կարեւոր հենքով. Արտահանմանը միտված տնտեսական աճ, արտահանողների թիրախավորում եւ երկրորդը տնտեսական համաչափ զարգացումն է: Եթե տնտեսական աճը ստեղծվում է հիմնականում Երեւանում եւ մերձակա շրջաններում, դա վտանգավոր է: Նման դեպքում մանկամտություն կլինի խոսել ներառական աճի կամ ռեգիոնալ ու տնտեսական կայունության մասին: Այդ առումով նման համաժողովները գովելի են»,-ընդգծեց Արամյանը: Այդուհանդերձ, նա նկատեց, որ նման համաժողովներն օգտակար են, երբ կա մասնավորի եւ պետության համագործակցություն: