Ես չունեմ նման տեղեկատվություն. ՀԾԿՀ նախագահը գազի գնի հնարավոր թանկացման մասին
Ես չունեմ նման տեղեկատվություն, մամուլը կարդացել եմ, բայց թե որտեղից են վերցրել, չեմ կարող ասել: Այդ մասին այսօր՝ հունիսի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի, հունվարի 1-ից գազը թանկանալու է նաև ներքին սպառողների համար:
«Բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն այս պահին դեռ չկա: Բանակցությունները շարունակվում են փոխվարչապետ Մհեր Գեւորգյանի գլխավորությամբ։ Մեկ ամիս առաջ «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել քննարկել ենք գազամատակարարման սխեման, սպասվող ներդրումային ծրագրերը մինչեւ է 2030թ.»,– ասաց Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս «Գազպրոմ Արմենիան» իր ներքին խնայողությունների հաշվին է կարողանում փոխհատուցել սահմանին 15$-ով գազի թանկացումը, իսկ պետությունը որեւէ պարտք չի կուտակում։
Հարցին, թե մինչև այս պահը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերանայել է հաստիքացուցակը, Բաղրամյանն ասաց. «Ենթաօրենսդրական ակտ ենք ընդունել, որն իրենց հնարավորություն է ստեղծում որոշակի օպտիմալացում անել հաստիքացուցակի: Այս պահին կոնկրետ քայլ արել են, թե` ոչ, դժվարանում եմ ասել: Նախնական գնահատականներով շուրջ 1000 աշխատակցի կրճատման մասին է խոսքը առաջիկա 5 տարում»։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից եւս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: