Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։
Դրա ամենավառ վկայություններից մեկը հռչակված «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն» էր, որը մեկ հարկի տակ պետք է համախմբեր բոլոր քաղաքացիներին։ Բայց ի՞նչ սեր, ի՞նչ հանդուրժողականություն, ի՞նչ համախմբում, հենց իշխանության հասնելու առաջին իսկ օրերից, ավելին՝ հենց իշխանազավթման ողջ գործընթացում Փաշինյանն ու իր թիմակիցները գործի դրեցին ատելության ու թշնամանքի սերմանումը։
Ատելություն և անհանդուրժողականություն գեներացրին նախկին իշխանությունների հանդեպ, ապա դագաղների ու սև ժապավենների ֆոնի ներքո իշխանության եկան։ Ու թվում էր, թե գոնե այսքանով կբավարարվեն, բայց ոչ։ Դրանից հետո մի նոր ուժով սկսեցին թշնամանք ներարկել նախկին իշխանությունների և ընդդիմադիր ուժերի հասցեին այն համատեքստում, թե մեր բոլոր դժվարությունների ու դժբախտությունների համար նրանք են մեղավոր։ Ավելին՝ այդ «մութ ուժերն» են, որ բռնել են իշխանության ոտքից, սաբոտաժ են անում ու չեն թողնում, որ իշխանությունները ծաղկեցնեն մեր երկիրն ու բարելավեն քաղաքացիների կյանքը։ Ու մինչև հիմա այս պատումը թելվում ու թելվում է, իսկ կյանքից հոգնած ու մեղավորներ փնտրող մարդիկ կուլ են տալիս խայծը՝ միամիտ հավատ ընծայելով դրանց։ Հետո հասարակության, քաղաքական շրջանակների այն հատվածը, որը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ, անմիջապես հռչակվեց «հակահեղափոխական» ու «ներքին թշնամի»։ Մի խոսքով՝ «սև»:
Այս ամենը զուգահեռվում էր իշխանությունների տեսակետին հակառակ հանդես եկող մարդկանց, գործիչների ու ուժերի նկատմամբ ատելության սերմանումով, քրեական հետապնդումներով, հարձակումներով, որի արդյունքում նրանք դառնում էին մեղադրանքների ու թշնամության թիրախ։
Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում հայհոյանքներն ու լուտանքները։ Ու այդպես ժամանակի ընթացքում մեր հանրության ներսում ատելության դոզան ավելանում ու ավելանում էր, ինչն էլ իր հերթին պետք է պարպվեր։ Բայց մի պահ եկավ, որ իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց։ Այդպես շատերը, ովքեր իշխանության համար ուրիշներին էին հայհոյում ու անիծում, հիմա նրանց են հայհոյում։ Իսկ թե ինչու, շատ ծավալվելու կարիք չկա, դա բոլորին է հայտնի:
Հիմա Փաշինյանը նեղվում է այդ ամենից: Դեռ հարցի մի կողմն է, որ նա էլ հիանալի գիտի պատճառները: Մյուս կողմից՝ չէ՞ որ հենց ինքն է այսպիսի իրավիճակի ճարտարապետը։ Ավելին, այս ճղճիմ մթնոլորտն ու ոչ կառուցողական գործելակերպն այնքան է արմատավորվել, որ իշխանական թիմի ներսում են միմյանց կոկորդ կրծում։
Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են մեկը մյուսի մասին արտահայտվում և ինչ բառապաշարով։ Ու նրանց համար կարմիր գծեր չկան, քանի որ հատում են անձնականի ու գործնականի սահմանները։ Այսպիսի իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող ուժը ոչ թե կենտրոնանում է միավորելու վրա՝ թեկուզ գաղափարական հիմքերի վրա, այլ բաժանելու։ Չնայած նրանց բոլորին միայն մեկ իրողություն է միավորում՝ ատելությունը։ Հա, ներողություն, մեկ էլ աթոռը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում