Հնդկաստանում ավելի քան 2.6 մլն մարդ հայտնվել է ջրածածկման գոտում
Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ նահանգում ավելի քան 2.6 մլն մարդ ամպրոպային բնույթի անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղից հայտնվել է ջրածածկման գոտում, 11 մարդ մահացել է, հաղորդում է NDTV-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասամ նահանգում ավելի քան 1.5 մլն մարդ հայտնվել է ջրածածկման գոտում, 7 մարդ մահացել է:
Նահանգում իրավիճակը օրեցօր վատթարանում է: Տարերային աղետն արդեն անդրադարձել է նահանգի 33 շրջաններից 28-ին: Նահանգի գետերի, այդ թվում խոշոր Բրահմապուտրա գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով 3 հազար գյուղ հայտնվել է ջրի տակ:
Նահանգի գյուղատնտեսական հողերի ավելի քան 87 հազար հա-ն, այդ թվում այն շրջանները, որտեղ աճեցնում են հնդկական Ասամ թեյը, ջրածածկ է: Օդերեւութաբանները նորից հայտարարել են, որ անձրեւները կտեւեն եւս երկու օր:
Հաղորդվել է նաեւ, որ Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ բնակվում են անհետացման վտանգի տակ գտնվող միաեղջյուր ռնգեղջյուրները եւ այլ հազվագյուտ կենդանիներ, ջրի տակ է անցել:
Ասամ նահանգի ենթակառուցվածքին լուրջ վնաս է պատճառվել: Տեղում աշխատում են տարերային աղետների արձագանքնման ծառայության աշխատակիցները, որոնք զբաղվում են բնակիչների տարհանմամբ: Ջրհեղեղից վնասված կամուրջները եւ ողողված ճանապարհները դժվարացնում են փրկարարական գործողությունը: