«Ընտրյալս ինձանից տարիքով մեծ է». Մարի Պետրոսյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների, խանդի և մասնագիտական գործունեության մասին
Դերասանուհի Մարի Պետրոսյանը, ով «Ազիզյաններ» սիթքոմում հեռուստադիտողներին ներկայանում է իր իսկ անունով, ասում է, որ իր մարմնավորած կերպարի հետ իրականում որևէ նմանություն չունի: Tert.am Life-ի հետ զրույցում Մարին խոսեց դերասանական գործունեության, մասնագիտական նոր ուղղությամբ հետաքրքրվելու, ընտրյալի, նրա հետ հարաբերությունների ու այլ թեմաների մասին:
22-ամյա դերասանուհին անկեղծացավ, որ ավելի վաղ ցանկանում էր ընդունվել Թատերական ինստիտուտ, սակայն սիթքոմում ներգրավվելուց հետո, ծրագրերը փոխվել են: Ըստ նրա` նկարահանման հրապարակում ավելի շատ հմտություններ կարող է ձեռք բերել, քան բուհական կրթության շրջանակում:
«Շատ ճիշտ է, երբ ասում են, որ մարդը պետք է սիրով գնա իր աշխատանքին։ Իմ դեպքում, իսկապես, այդպես է: Դերասանական գործն ինձ շատ հաճելի է, բայց կարծում եմ՝ չեմ բավարարվի միայն այս աշխատանքով: Ինձ դուր է գալիս նաև դիզայների մասնագիտությունը, հագուստի մոդելավորումը»,- ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ դիզայներական գործունեություն ծավալելն իր ապագայի ծրագրերում է:
Սիթքոմում թիթիզ աղջկա կերպարով հանդես եկող Մարին ասում է, որ իրականում նախընտրում է հագնվել առօրյա ոճում՝ կարևորությունը տալով հարմարավետությանը: Սոցցանցերից կախվածության մեջ ապրող ու ամեն քայլը հրապարակող Մարիի կերպարը իրական Մարին մերժում է: Ավելին՝ դերասանուհու խոսքով, դա իրեն նյարդայնացնող երևույթ է:
«Այնքան շատ են սոցցանցերում ապրող աղջիկները, ովքեր հրապարակում են իրենց ամեն քայլը, ներկայացնում ամեն օրը: Ինձ թվում է՝ չարժե այդքան խորանալ այդ տիրույթում: Ինձ իսկապես նյարդայանացնում է, երբ Ինստագրամում հրապարակում են, թե ինչ են կերել, խմել ու հպարտանում դրանով: Դա անիմաստ զբաղմունք է: Ես շատերին կարող եմ հեռացնել իմ էջից, որպեսզի չտեսնեմ նմանատիպ հրապարակումները»,- ասաց նա:
Մարին նշեց, որինքը, իհարկե, օգտվում է սոցիալական ցանցերից, բայց չի մոռանում վիրտուալ տարածքից դուրս ապրելու մասին։
Իրական կյանքում նա շատ ժամանակ է հատկացնում սպորտով զբաղվելուն: Մարիի խոսքով` դա ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև գեղեցիկ կազմվածք ունենալու գրավական է. «Մոտ մեկ ամիս է` մարզումների չեմ գնում, բայց ամեն ինչ անում եմ, որպեսզի շատ բացոթողումներ չունենամ: Երբ եղանակը տաքանում է, օրս սկսում եմ վազելով։ Արդեն մեկ շաբաթ է՝ սկսել եմ վազել: Սիրում եմ հետևոլ կազմվածքիս։ Մենք` աղջիկներս, ամռանը պետք է գեղեցիկ մարմին ունենանք:)»:
Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանուհին ասաց, որ մինչև այս որևէ լուրջ հարաբերություն չի ունեցել, սակայն հիմա իր սիրտը զբաղված է` ընտրյալ ունի, որի հետ հարաբերություններն օրինականացնել առայժմ չեն պատրաստվում:
«Իմ կյանքի 22 տարիների ընթացքում որքան պլանավորել եմ ինչ–որ բան, այնքան ընթացքն այլ է եղել։ Հասկացել եմ, որ պետք չէ «հետո»-ի մասին մտածել, պետք է ապրել այս օրով: Մեզ մոտ ամեն ինչ իր հունով է առաջ գնում: Չեմ սիրում պլանավորել, որովհետև գիտեմ` հնարավոր է ինչ-որ բան փոխվի, ծրագրերը չիրականանան։ Ծրագրեր կազմելու դեպքում ինձ համար ավելի բարդ կլինի»,- ասաց նա։
Մարին նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով։ Ըստ նրա` դա օգնում է ճիշտ հարաբերություններ կառուցել. «Իմ կարծիքով` տղամարդը պետք է փոքր-ինչ մեծ լինի տարիքով, որովհետև աղջիկներն ավելի շուտ են հասունանում, ամեն ինչ ավելի շուտ են գիտակցում, քան տղամարդիկ: Մեր միջև տարիքային տարբերություն կա։ Նաև դրա շնորհիվ ենք մենք իրար ավելի ճիշտ հասկանում»:
Մարին հայտնեց, որ սիրելին բոլորովին այլ բնագավառից է, բայց իր դերասանական գործունեությանը նորմալ է վերաբերվում: «Նա իմ գործունեությունը դիտարկում է որպես աշխատանք։ Այդ առումով որևէ խնդիր չունենք: Ինչպես բոլոր տղաների և աղջիկների դեպքում, մեզ մոտ էլ լինում են խանդի տեսարաններ, բայց դա կապված չէ իմ աշխատանքի հետ»,- ասաց նա։
Երիտասարդ դերասանուհու խոսքով` հարաբերություններում ամենից շատ կարևորում է անկեղծությունը. «Ընդհանրապես, եթե մարդիկ իրար հանդեպ անկեղծ են լինում, ամեն բան լավ է ստացվում: Անգամ սխալ կամ վատ բան անելիս ես ըմբռնումով եմ մոտենում, երբ ինձ ասում են այդ մասին»:
Դերասանուհին անկեղծացավ, որ ինքը հիմնականում տղաների հետ է ընկերություն անում։ Նրա խոսքով` դեռ մանկուց իր մոտ չի ստացվում աղջիկների հետ շփումը: Նա դժավարացավ նշելլ, թե ինչու։ Հարցին, թե ընտրյալն ինչպե՞ս է վերաբերվում այս հանգամանքին, Մարին արձագանքեց. «Նորմալ: Մենք ունենք նաև ընդհանուր տղա ընկերներ: Այս ընթացքում ընկերներիս ցանկից կրճատվել են նրանք, ում հետ չենք ցանկացել այլևս շարունակել շփումը»: