Թրամփը հայտնել է ազգային հետախուզության ղեկավարի տեղակալի հրաժարականի մասին
Օգոստոսի 15-ին ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը պաշտոնը կլքի իր պետի՝ Դեն Քոութսի հետ միասին, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սյուն հայտարարել է, որ կհեռանա օգոստոսի 15-ին, ինչը համընկնում է Դեն Քոութսի հրաժարականին: Ազգային անվտանգության տնօրենի նոր պաշտոնակատարի անունը շուտով կհայտարարվի»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:
Թրամփը Գորդոնին անվանել է պրոֆեսիոնալ եւ հայտնել նրա հանդեպ իր հարգանքի մասին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր այդ պաշտոնին հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեթքլիֆին առաջադրելու մտադրության մասին, սակայն մի քանի օր հետո հայտնել էր, որ Ռեթքլիֆը որոշել է Կոնգրեսում մնալ:
Քոութսը Թրամփի դժգոհությունն է հարուցել, երբ անցյալ տարվա հուլիսին NBC-ի հաղորդավար Անդրեա Միթչելի հետ հարցազրույցում քննադատել է նրա հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անցյալ շաբաթ այս հարցազրույցը հայտնվել է «Էմմի» մրցանակի հավակնորդների թվում:
Դրանից բացի, Քոութսը, ինչպես նշել է Axios պարբերականը, հունվարին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, ինչը հակասում է Թրամփի քաղաքական գծին: Վերջին շրջանում նա հանդես չի եկել աղմկահարույց հրապարակային ելույթներով: