Լիբանանի կառավարությունը ցանկանում է խուսափել Իսրայելի հետ լարվածության թեժացումից. Հարիրի
Լիբանանի կառավարությունը ցանկանում է խուսափել Իսրայելի հետ հարաբերությունների լարվածության թեժացումից, բայց միջազգային հանրությունը պետք է մերժի Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության «աղաղակող խախտումը»։ Այս մասին ասել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրին, տեղեկացնում է Reuters-ը։
«Լիբանանի կառավարությունը կարծում է, որ ավելի լավ է խուսափել իրավիճակը թեժացման հասցնելուց, բայց դրա համար հարկավոր է, որպեսզի միջազգային հանրությունը հաստատի, որ չի ընդունում այդ աղաղակող խախտումը»,- ասել է Հարիրին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի գիշերը Բեյրութի հարավում նկատվել են երկու իսրայելական անօդաչու սարքեր։ Դրանցից մեկն ընկել է եւ հայտնաբերվել Մուավադ շրջանում, «Հեզբոլլահի» տեղեկատվական կենտրոնի մոտ։ Մյուսը պայթել է օդում, դրա անկումն առաջ է բերել հրդեհ շենքում։ «Հեզբոլլահի» ներկայացուցիչն ասել է, որ զինված միլիցիայի մարտիկները անօդաչուներին չեն խփել։