ՍԴ նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ԱԱԾ շենքի մոտ են (ուղիղ)
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ԱԱԾ շենքի մոտ են։ Հիշեցնենք, որ ակցիան իրականացվում է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ։
Մելիքյանը հիշեցրել է, որ անթույլատրելի է խաչաձեւել իրավական եւ բարոյական «կարմիր գծերը»։ Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ նրա տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների երեկվա այցելությունից հետո վատացել է Թովմասյան-ավագի ինքնազգացողությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Թովմասյանի աղջիկները կգնան ԱԱԾ, որտեղ երեկ նրանց հրավիրել են, ապա Մելիքյանը նշել է, որ, նրա տեղեկություններով, նրանք մտադիր են անել դա։
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ավագ դուստրը ներսում հարցաքննության է։ Կրտսերը սպասում է։ Խոսելով բողոքի ակցիայի մասին՝ նա ընդգծել է, որ դա բողոք է ոչ թե իշխանության, այլ իշխանության գործողության դեմ։