Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է գործընկերների կողմից. Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախադրյալների վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է միջազգային գործընկերների կողմից, արձանագրվել է, որ Հայաստանի դիրքորոշումը բավականին կառուցողական է: Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Վարչապետի կարծիքով՝ վերջին 1,5 տարում Հայաստանի բոլոր գործընկերներին հաջողվել է իրենց համար պարզել, որ հայկական կողմը ոչ միայն բանակցային գործընթացը փակուղի տանելու մտադրություն չունի, այլեւ հակառակը՝ մտադիր է այն շարունակել նոր ուժով:
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնել առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, Փաշինյանն ասաց, որ դա բխում է բանակցային գործընթացի տրամաբանությունից։