Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին մտադիր է պաշտոնական այց կատարել ՌԴ
2020 թվականին նախատեսում եմ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Վարչապետի խոսքով՝ արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ 2020 թվականին ինքը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, 2020 թվականի երկրորդ կամ 2021-ի առաջին կեսին կայցելի պատասխան պաշտոնական այցով Հայաստան։
«Ժամանակի ընթացքում հարցերը ստանում են պատասխաններ, ընդ որում՝ կա նաեւ որոշակի ընկալման, դրանց խորության եւ անկեղծության երկուստեք գիտակցման խնդիր։ Ես դեռ անցած տարվա ամռանն ասացի, որ մենք մտադիր ենք հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի եւ նոր որակի։ Կարող եմ ասել, որ գործընթացն ընթանում է։ Հիմա ես արդեն կարող եմ այդ մասին ավելի վստահ ասել»,- ընդգծել է Փաշինյանը։