Գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ բողոքը մերժել է
Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը յուրացնելու գործով։
Ա.Վարդեւանյանն ասել է, որ դատախազությանը ներկայացրել են ծավալուն բողոք, շուրջ 20 հարցից բաղկացած, սակայն պատասխաններում որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել։
Պաշտպանը նշել է նաեւ, որ դիմել են դատախազություն գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Նա հայտնել է, որ ԱԺ կանոնակարգի կիրառման վերաբերյալ հարցը նույնպես անպատասխան է մնացել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: