Դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները չեն փոխվել
Երեկ ամբողջ օրը խմբագրությունը զանգեր էր ստանում տարբեր քաղաքացիներից՝ խնդրելով ճշտել՝ արդյո՞ք փոփոխություններ են եղել դպրոցականների ձմեռային արձակուրդի առումով:
Բանն այն է, որ սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, ուր նշված է, որ 3-12-րդ դասարանների աշակերտները հանգստանալու են մինչև հունվարի 13-ը:
Սա ծնողներին տրամաբանական էր թվացել, քանի որ հետտոնական աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 8-ը, չորեքշաբթի է, ուստի մտածել են, որ գուցե համապատասխան փոփոխություն է կատարվել և արձակուրդը երկարացվել է մինչև տվյալ շաբաթվա վերջ:
Հարցի հետ կապված ճշտում կատարելու համար դիմեցինք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ ձմեռային արձակուրդի ժամկետների հետ կապված որևէ փոփոխություն չի եղել:
Ըստ այդմ, առաջին և երկրորդ դասարանցիներին կտրվի ձմեռային արձակուրդ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի ձմեռային արձակուրդ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:
Ի դեպ, այս տարի ևս ակտիվ խոսակցություններ կային, որ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և կրճատել Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրերը, այն է՝ հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային:
Սակայն այս պահին, կարծես, դեռևս նման նախաձեռնություն չկա: