ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Դավիթ Էրմինին կարեւորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում
Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվության ծառայությունից։
Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարեւորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը պետության հիմնասյուներից մեկն է: Նրա խոսքով՝ այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է դրականորեն ազդել դատական համակարգը բարելավելու նպատակով իրականացվող քայլերի արդյունավետության վրա:
Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ: