Արդեն երկու օր վարորդները չեն կարողանում ապահովագրական պայմանագրեր կնքել ծրագրի խափանման պատճառով
Հայաստանում բազմաթիվ վարորդներ արդեն երկրորդ օրն է` ահազանգում են այն մասին, որ ապահովագրական գրասենյակներում չեն կարողանում պայմանագրեր կնքել եւ հայտնվել են մի իրավիճակում, որ չգիտեն՝ արդյոք կարող են այդպես շարունակել մեքենա վարել, թե՞ կտուգանվեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։
NEWS.am–ը կապ է հաստատել տարբեր ապահովագրական ընկերությունների հետ՜ հասկանալու համար, թե որն է խնդրի պատճառը։
«Ինգո Արմենիա» պահովագրական գործակալությունից եւս հայտնեցին, որ երեկ ծրագրի չաշխատելու պատճառով չեն կարողացել պայմանագրեր կնքել. «АSWA ծրագրի հետ կապված երեկ որոշ խնդիրներ են եղել, այսօր նույնպես ծրագիրը տատանվում է, հնարավոր է՝ լինի խնդիր, հնարավոր է՝ ոչ։ Ամեն դեպքում ծրագիրը մերը չէ, ասվա համակարգինն է»։
Հարցին՝ արդյոք եղե՞լ են մարդիկ, որոնց ապահովագրության օրն է եղել եւ համակարգի խափանման պատճառով չեն կարողացել գործարք կատարել, ապահովագրական ընկերության աշխատակիցը պատասխանեց. «Այո, եթե ծրագիրը խափանված է, պայմանագիր չի լինի կնքել»։
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերութունից եւս հայտնեցին, որ ծրագիրն աշխատում է տատանումներով։
«Այս պահին ծրագիրն աշխատում է, սակայն 2 րոպե հետո չգիտենք՝ ինչ կլինի, տատանվում է։ Այն մարդիկ, որոնք երեկ չեն կարողացել գործարքներ կատարել, կարող են այսօր գալ»,– ասաց ապահովագրական ընկերության աշխատակիցը։
Ապահովագրական ընկերությունների աշխատակիցների խոսքով՝ տույժերի հետ կապված որեւէ բան չեն կարող ասել, քանի որ հարցն իրենց տիրույթում չէ, եւ հարցին հստակ կարող են պատասխանել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում։
Վերջիններս արդեն 2–րդ օրն է՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին։
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դա իրենց տիրույթում չէ, իսկ հարցին՝ վարորդներն առանց ապահովագրության մեքենա վարելու դեպքում տուգանվելո՞ւ են, թե՞ ոչ, պատասխանեցին՝ գրավոր տարբերակով դիմել, կպատասխանեն հարցերին։
Նշենք, որ ծրագրի խափանումների պատճառով խնդրի առջև են կանգնել նաև մեքենա ներմուծողները, քանի որ նրանք առանց ԱՊՊԱ–ի չեն կարող մեքենաները մաքսազերծել և կարող են տուգանվել։ Կարծիք կա, որ համակարգը խափանումներով է աշխատում, որովհետև ներմուծման արդյունքում կտրուկ ավելացել են համակարգ մուտքագրվող տվյալները, ու այն չի կարողանում նման քանակությամբ տվյալների հետ աշխատել։ Այն մասին, որ տարվա վերջին մեքենաների մեծ հոսք է սպասվում, տեղյակ էին բոլորը, դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է վերջին կես տարվա ընթացքում։ Հետևաբար ավտոապահովագրողների բյուրոյում պարտավոր էին դեռ 6֊7 ամիս առաջ տեխնիկական թարմացումներ անել։