Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ Աբրահամյան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է զինծառայողներին ու ողջ հայ ժողովրդին Բանակի օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա առթիվ:
Բանակի կազմավորումը, կայացումը հայ ժողովրդի ազատատենչության, հզոր հայրենիք ու պետություն ունենալու վառ դրսևորման արգասիքն է: Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը:
Հայրենիքի պաշտպանությունը կերտվել է տարիներ շարունակ: Հանուն Հայաստանի անկախության, Արցախի ազատագրման զենք են վերցրել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաները՝ դառնալով մեկ բռունցք ու բանակ: Հենց այս միասնությունն է մեր պետության կայունության ու խաղաղության երաշխավորը:
Կրկին շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ երկինք»: