Բանկային գաղտնիքը պետք է բացվի բացառիկ դեպքերում. Վանեցյան
«Բանկային գաղտնիքի բացման հետ կապված ես միշտ ունեցել եմ բացասական գնահատական, թեև եղել եմ հատուկ ծառայության ղեկավար և բոլորի համար պարզ է, որ ինչքան հասու լինի մեզ այդ տեղեկությունները, այնքան հեշտ կլինի կատարել մեր գործառույթները: Բանկային գաղտնիքը պետք է բացվի բացառիկ դեպքերում»,-տպագիր մամուլի ղեկավարների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ վերջին երկու տարում պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումները շատ ցածր են: «Պատկերացրեք մի իրավիճակ. պոտենցիալ ներդրողը պատվիրում է վերլուծություն մի երկրի մասին, որտեղ պետք է ներդրում անի բացում տեսնում են հայտարարություններ՝ «սեփականությունները պետք է խլենք», բանկային գաղտնիք չկա, էսինչը կոռուպցիոներ է, օլիգարխ է, դարձավ խոշոր սեփականատեր, հետո էլի դարձավ օլիգարխ և այլն: Հասել ենք նրան, որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարներին պետք է սնանակացնենք»: Ի՞նչ է նշանակում՝ սնանկացնենք: Եթե մարդը չի կարողանում ծառայությունները պատշաճ մակարդակի իրականացնել, ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում ինքն իրեն կսնանկանա, պետությունն ի՞նչ գործառույթ ունի սնանկացնելու: Չի կարելի ուղղակի նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել»,-ասաց նա: