Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն 3 տարով արտոնություն ստացավ. 91 մլն դրամի ներդրում է անելու
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ԱՁ-ն հիմնադրվել է 2019-ին, սակայն 2008 թվականից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։ Ընկերությունը զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ (ներքնազգեստի արտադրություն) ք. Գյումրիում։
Ներկայումս ընկերությունը իր 25 քմ արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 քմ տարածք ունեցող նոր արտադրամաս:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է)արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: