ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել
Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը:
Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում:
Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝
վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: Իրանի 31 նահանգից 15-ում նոր տեսակի կորոնավիրուս է տարածվել: