Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ հայ ժողովրդի ընկեր Կիմ Բակշին. ի՞նչ եղավ նրա «Արցախի հոգևոր գանձերը» գրքի հետ
Ռուս գրող, կինոռեժիսոր, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշիի մահից հետո անցել է մեկ տարի:
Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը:
1964 թվականից Կիմ Բակշին զբաղվել է Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթի ուսումնասիրությամբ: Ուսումնասիրել է Երևանի Մատենադարանում, Վենետիկի Սան Լազարո կղզում, Վիեննայում Մխիթարյանների միաբանությունում, Բեյրութի Կիլիկյան կաթողիկոսարանում, Իսֆահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում եւ աշխարհի խոշորագույն գրադարաններում պահվող ձեռագրերը:
Հանրությանը հայոց պատմության, մշակույթի, ժողովրդի հոգեւոր արժեքների, նրա բազմադարյան ավանդույթների, հրաշալի բնության, հոյակերտ հուշարձանների հետ ծանոթացնելը դարձել էր նրա առաքելությունը։ Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման իր բազմամյա գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգեւի՝ Պատվո շքանշանի: Նա ՀՀ Պետական մրցանակի, ՀՀ գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի դափնեկիրն է: Նա նաեւ ստացել է Մովսես Խորենացու անվան մեդալ (2001), պարգեւատրվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Պատվավոր շքանշանով» (2006): Բակշին «Կարպիս Փափազյան» մրցանակի դափնեկիր է: Ռուսաստանի հայերի միությունը նրան պարգեւատրել է «Արծաթե խաչով», ավելի ուշ՝ «Ոսկե խաչով»:
Կիմ Բակշին իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրել է հայկական մշակույթի եւ պատմության ուսումնասիրությանը: Նա «Մատենադարան» 20 սերիանոց ֆիլմի սցենարի հեղինակն է, որը պարգեւատրվել է Հայաստանի պետական մրցանակով: Ըստ հանգուցյալի վերջին կամքի՝ գրողի աճյունի մի մասը հանգրվան է գտել Գառնիում եւ Շուշիում, եւ սա Բակշիի՝ Հայաստանի հանդեպ սիրո եւս մեկ ապացույց է:
«Արցախի հոգևոր գանձերը» վերջին գրքի ճակատագիրը
Ըստ Կիմ Բակշիի ընկեր եւ հրապարախոս Սուրեն Սարգսյանի` «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը լույս է տեսել 2012 թվականին ռուսերեն լեզվով, 2015-ին` հայերեն: Արցախի բյուջեից նյութերի հավաքագրման համար 8 հազար դոլար էր հատկացվել: Բակշին, չնայած լուրջ հիվանդությանը եւ վիրահատությանը, ավարտել էր աշխատանքը: Գիրքը հրատարակվել է: Սակայն հայերեն լեզվով տպաքանակի մի մասը մնացել է չիրացված, ինչը մեծապես տխրեցնում էր հեղինակին:
«Գրողի ընկերները` Հայաստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, գրող Զորի Բալայանը, Կոմիտասի պետական քառյակի ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը, Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը, նամակ են հղել հայտնի բարերարներին` մեր ռուս հայրենակիցներ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին, տպաքանակը իրացնելու խնդրանքով: Մնացել է ընդամենը 400 օրինակ, դրանք արժեքավոր նվեր կդառնան հայկական մշակույթով հետաքրքրվողների համար, եւ դա հարգանքի տուրք կդառնա գրողի մահվան տարելիցին, որն այդքան բան է արել է ի նպաստ հայերի»,- նշել է Սարգսյանը: Հրապարակախոսը նշել է, որ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին ուղղված կոչը պատահական չէ. «Մենք լավ գիտենք նրանց բարի գործերը: Ի դեպ, Ս. Կարապետյանը Կարոտ փառատոնի գլխավոր հովանավորն էր, որի ընթացքում Կիմ Բակշին պարգեւատրվել էր հուշամեդալով (N27)` հայկական մշակույթի առաջխաղացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար»: