Վանեցյանը՝ ճահճացման դե՞մ
Եթե խորհրդարանական ուժերի պարագայում ամեն ինչ պարզ ու տեսանելի է, արտախորհրդարանական քաղաքական ուժերը չեն կարողանում ըննդիմադիր ճակատ ձևավորել, կոնսոլիդացնել ուժերն ու ընդդիմադիր բևեռ ձևավորել:
Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամայացած է և նմանվել է ոչ վաղ անցյալին, երբ բոլոր մեծ ու փոքր քաղաքական ուժերն ու միավորումները շունչները պահած հետևում էին իշխող կուսակցությունից դեպի իրենց եկող ազդակներին և երջանկանում, երբ վերևներից հենց իրենց էին ընդդիմություն էին նշանակում:
Հիմա նման պահանջ չկա, պատկերն էլ բոլորովին այլ է: Իշխող քաղաքական ուժին, ըստ էության, ո՛չ ընդդիմություն է պետք, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում խաղացողներ: Եվ քանի որ ըննդիմադիր դաշտը փաստացի ամայացած է, ու մեծ հաշվով քաղաքական այլընտրանք չկա, ապա քաղաքական հերթական թմբիրից արթնանալու լավ առիթ կարող է հանդիսանալ քաղաքականություն մուտք գործելու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտը:
Անշուշտ, որպես այս պահին հակաիշխանական ճամբարում գտնվող ամենաինֆորմացված մարդու, նրա մուտքը թրերով ընդունվեց իշխանական դաշտում, սակայն, որպես նոր խաղացող, Վանեցյանը կարող է հետաքրքիր նրբերանգ դառնալ ու մեկուսացնել նախկինի նման քաղաքական դաշտի ճահճացման վտանգը: Ու նաև այս առումով Վանեցյանի մուտքը օգտակար կլինի ՀՀԿ-ական տարիների ճահիճը մաքրելու, քաղաքական ուժերի համար առողջ մրցակցային դաշտ ու հնարավորություն ստեղծելու համար:
Այս ամենով հանդերձ հայտնի չէ, թե ինչու ԱԱԾ նախկին տնօրենը որոշել անորոշ ժամանակով դադարի ռեժիմում գործել: Գուցե դադարը պայմանավորված է շռնդալից մուտքի նախապատրաստմամբ, բայց որ ընդդիմադիր թևի կաղալը երկար չի կարող շարունակվել՝ միանշանակ է:
Արամ Գրիգորյան