Ինչպես հաղթահարել արտակարգ դրությունն ու կենսակերպի փոփոխությունները. խորհուրդ է տալիս հոգեբանը
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, մեր երկրում ևս կան տեղաշարժի սահմանափակումներ: Հիմա տնից կարող ենք դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Շատ հաստատություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, մեզնից շատերն էլ տնից է աշխատում: Ինչպես է այս ամենն ազդում մեր հոգեբանության վրա, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հոգեբան Վերժինե Տեր-Գասպարյանից:
«Իհարկե, ստեղծված իրավիճակն ու սահմանափակումները ազդում են մարդկանց վրա, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Խուճապը, թերևս, ունի իր բացատրությունը, քանի որ մարդիկ նախկինում այս հիվանդությանը չեն բախվել: Խուճապ հոգեբանական երևույթն ունի իր ախտանիշները, դրանք են՝ քնի խանգարում, ախորժակի բացակայություն, սրտխփոց, ապակենտրոնացում: Հոգեբանական տեսանկյունից, խուճապ երևույթի բացասական կողմն այն է, որ դա կրում է մասսայական բնույթ, այսինքն՝ մի մարդ, որը խուճապի մեջ է, իր հոգեվիճակը կարող է փոխանցել մյուսներին ևս»,-ասաց նա:
Հոգեբանն ասաց, որ ստեղծված իրավիճակում մարդիկ պետք է փորձեն զերծ մնալ բացասական ինֆորմացիաներից, հետևեն պաշտոնական լրահոսին. «Ցավոք, խուճապի հնարավոր է մատնվել նույնիսկ որևէ մեկի անտեղի գրառումը կամ մեկնաբանությունը կարդալով, ուստի՝ հորդորում եմ զերծ մնալ նման գրառումներն ընթերցելուց»:
Տեր-Գասպարյանն ընդգծեց, որ իրավիճակը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի ստեղծել, այսպես կոչված, անձնական տարածք և ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչը դրական հույզեր է պատճառում.«Հայտնի փաստ է՝ դրական հույզերը բարձրացնում են մեր դիմադրողականությունը, ուստի՝ կարող ենք ֆիլմեր և մուլտեր դիտել, գիրք կարդալ, առցանց շփվել մեր սիրելի մարդկանց հետ կամ նոր լեզու սովորել, այսինքն՝ որևէ կերպ փորձել հաղթահարել ստեղծված իրավիճակը»:
Նա նաև նշեց, որ գուցե որոշ մարդկանց սա դժվար տրվի, քանի որ փոխվում է մարդկանց կենսակերպը, որը տարիներ շարունակ նույնն է եղել:
«Փոփոխությունը կտրուկ է, որին պետք է հարմարվել: Հնարավոր է այս ընթացքում որոշ մարդկանց մոտ լինի տագնապի զգացողություն, տրամադրության անկում: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ սա ժամանակավոր է և փորձի ռացիոնալ օգտագործել այդ ժամանակը»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե տնից աշխատելն ինչպես է անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության վրա, հոգեբանը պատասխանեց. «Տնից աշխատողների համար սա ևս սթրես է, որի պատճառով մեր իմունիտետը կարող է ընկնել: Խնդրին պետք է վերաբերել որպես կենսակերպի փոփոխություն, հետևաբար, անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը՝ գիտակցելով, որ սա ժամանակավոր է: Բացի այս, անհրաժեշտ են նաև դրական հույզեր, ֆիզիկական ակտիվություն»: