Ոստիկանությունը 323 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Ոստիկանությունը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով մարտի 27-ի ժամը 15։00-ի դրությամբ՝ 323 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մարտի 27-ին ժամը 9։00-ից 15։00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 335 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 15։00-ն՝ 1595 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։